Download - Paruyr Sevak
Պարույր Սևակ
Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականին Չանախչի (այժմ Սովետաշեն) գյուղում: Միջնակարգ կրթություն ստանալով տեղում, նա 1940 թվականին ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որն ավարտում է 1945թ.-ին: Նույն թվականին ընդունվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան` հայոց հին գրականության մասնագիտությամբ:
Ուսումնասիրում է փիլիսոփայություն և պատմագիտություն, մասնագիտանում հայագիտության մեջ, ունկնդրում գիտական մտքի հայտնություններին:Այս տարիներից էլ Սևակի ստեղծագործական հակումները դրվում են երկու սկզբի վրա` բանաստեղծ և գիտնական, հաճախ հոգեբանորեն հակասական ու իրարամերժ, բայց էապես ուժեղ ու պարտադրող:
1951 թվականին Պարույր Սևակը մեկնում է Մոսկվա, սովորելու Մ. Գորկու անվան գրկանության ինստիտուտում: Ավարտելով այն, նա 1957-1959 թվականներին աշխատում է նույն ինստիտուտում որպես գեղարվեստական թարգմանության ամբիոնի դասախոս: Արդեն լուրջ վաստակի տեր և լայն ճանաչում ստացած, Սևակը 1960 թվականին վերադառնում է Երևան: Սկսվում է գրական, գիտական ու հասարակական գործունեության արգասավոր ու բովանդակալից մի շրջան: Աշխատում է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որպես գիտաշխատող, վարում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարի պաշտոնը (1966-1971թթ), 1967 թվականին պաշտպանում է դիսերտացիա և ստանում բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Սովետական գրականությանը մատուցած ծառայությունների համար Պարույր Սևակը 1967 թվականին պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1968 թվականին նա ընտրվում է ՍՍՀՄ գերագույն սովետի դեպուտատ: Ու մինչդեռ նա իր ստեղծագործական հնարավորությունների փայլուն վերելքն էր ապրում, նրա իմաստացած միտքը ակնկալում էր նոր թռիչքներ, մտահաղացումներ ու ծրագրեր, տեղի է ունենում ծանր ողբերգությունը` 1971 թվականին հունիսի 17-ին Պ. Սևակը զոհ է գնում ավտովթարին: Նույն աղետից զոհվում է նաև նրա կինը` բանասեր ու թարգմանիչ և այնքան համակրելի Նելլի Մենաղարաշվիլին:
Պարույր Սևակի բանաստեղծական հակումները դրսևորվում են վաղ տարիներից: “Բանաստեղծություններ սկսել եմ գրել մանկական հասակից”_ խոստովանել է նա,_ տասնմեկ տարեկանից, բնավ որևէ իմաստ չդնելով դրանց միջև: Ժամանակի ընթացքում ներշնչումների տարերային թրթիռները տեղին են տալիս գիտակցված որոնումներին և ձև տալիս գրական ուրույն նախասիրությունների. “Ես նորից սկսեցի ոտանավորներ գրել և տեսա, որ բոլորովին ուրիշ որակի են: Եվ իմ առաջին լուրջ փորձերը գալիս են Չարենցից, ապա` Սիամանթոյից ու Վարուժանից…”: Այդ փորձերի նմուշներով էր, որ առաջին անգամ բանաստեղծ Սևակը հանդես եկավ մամուլի էջերում և իր վրա բևեռեց գրական շրջանների հետաքրքրությունը:Այդ տարիների բանաստեղծությունները, որոնց մի փոքր մասն է միայն լույս տեսել հետագա ժողովածուներում, իրենց վրա կրում են ժամանակի տրամադրությունների կնիքը: Պատերազմի ծանր օրերն էին` տագնապներով ու զրկանքներով, հույսի ու հավատի սպասումներով, որոնքարձագանք են գտնում բանաստեղծի խոհուն հոգում, առաջ բերում ներքին դեգերուներ, իրարամերժ խոհեր, կյանքի, աշխարհի, մարդկության ապագայի թախծոտ մտորումներ.
Պարույր Սևակի վերջին հարցազրույցըՉեխ լրագրող Իրժի Սկոումալի հետ
-Ինչո՞վ եք այժմ Դուք զբաղված, Պարույր:-Ուրեմն, նախ և առաջ, երկու տարի է արդեն գիրք եմ հանձնել, շուտով լույս կտեսնի, զբաղված էի այդ գրքով` պետական հրատարակչության գծով: Եվ երկրորդ` հիմա քանի որ աշխատում եմ նաև Ակադեմիայում, Գրականության ինստիտուտում, «Սայաթ-Նովան և հայ միջնադարը» այդ գրքի վրա եմ աշխատում: Հավանաբար, մինչև տարեվերջ կվերջացնեմ: Առայժմ իմ ամենաշտապ գործերը դրանք են: -Իսկ Ֆրիկը չե՞ք թարգմանելու:-Երևակայեք, որ Նարեկացուց առաջ իմ մտադրություններից մեկը հենց Ֆրիկ թարգմանելն էր: Բայց որովհետև հիմա ծրագրվեց Նարեկացի, Նարեկացուց հետո անպայման կանցնեմ, հաջորդ գործս՝ գիտական, կլինի Ֆրիկը:-Ի՞նչն եք, Պարույր, Դուք համարում ամենահիմնականը գրողի համար:
-Նախ և առաջ ինքնուրույն մտածողությունը, ազատ մտածելը, ճշմարտությունը կիսատ չասելը: Առանց դրա, եթե Աստված նույնիսկ մեծ տաղանդ տված լինի, որևէ բան դուրս չի գա:-Ասում են, որ վատ փորձը շատ օգտակար է գրողին…-Վատ փո՞րձը… Անպայմա՛ն, և ով որ ասել է, միանգամայն ճիշտ է ասել: Բայց, դժբախտաբար, կարելի է վատ փորձ ունենալ և, օգտվելով այդ փորձից, նորից վատ գործ կատարել: Դա էլ կա: Այնպես որ եթե վատ փորձի վրա չես սխալվում, չես էլ զգում, որ սխալվել ես, կարող ես ամբողջ կյանքում վատ աշխատել: -Ունե՞ք ինչ-որ ծրագիր, որը դեռևս վախենում եք իրագործել:-Շատ-շատ: Այդպիսի ծրագրեր շատ ունեմ: Նախ և առաջ, վախենում եմ իմ սեփական ուժերից, որ չեմ կարողանում կատարել: Բայց քանի որ արդեն շուտով հիսուն տարեկան եմ դառնում, եթե հիմա էլ չկարողանամ կատարել, ուրեմն երբևէ չեմ կարող կատարել:
-Շուտով արդեն չեխ ընթերցողը կծանոթանա Ձեր գրքին: Կուզենայի՞ք որևէ բան ասել նրան:-Ամենից առաջ ես շատ կուզենայի, որ Ձեր ունկնդիրները իմանային, թե մի ամբողջ ժողովուրդ, հայ ժողովուրդը ինչքան է սիրում և իրեն երախտապարտ զգում Լյուդմիլա Մոտալովային, որի շնորհիվ է, որ հայոց գրականությունը այսօր հնչում է Չեխոսլովակիայում: Գալով Չեխոսլովակիային և առհասարակ չեխ և սլովակ ժողովուրդներին` ամբողջ սրտով, ինչպես եղբայրը եղբորը կարող է ցանկանալ, ցանկանում եմ բարեբախտություն, երջանկություն և լավագույն ապագա:
Մեծերը Սևակի մասին
Դու ընդամենն անհնար էիր, բայց ինչպիսի՛ անհնար: Նման էիր լեռնային մի աղբյուրի, որն իր ուժը բնության ընդերքից է առնում, ու բնության ուժն է բերում ժողովրդին: Եվ սիրում էինք քեզ, որովհետև չէինք կարող բնությանը չսիրել…Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից:
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
Նրա մեջ մի այրող բան կար: Բորբոքող, անկասելի, ձգող մի բան: Թուխ, լայնաշուրթ, լարված, զգայուն: Խոշոր աչքերում՝ մշտական անհանգստություն: Մշտասևեռ վիճակ: Շատ կարևոր մի մտքի հետամուտ մշտապես, որը կռահել չէի կարողանում: Պարույը Սեվակը այդպես էլ գաղտնիք մնաց:ՄԻԽԱՅԵԼ ԴՈՒԴԻՆ
…Օրհնյալ է այն երկիրը, որ հանճարեղ զավակներ ունի: Եվ երիցս է օրհնյալ, որ կարողանում է գնահատել այդ հանճարեղ զավակներին… ՍՈՆԱ ՉԱԽԱԼՅԱՆ
…Ինչպե՞ս կարելի է Պարույր Սեվակի գերեզմանի առաջ չհավատալ հոգու անմահությանը… ՋԱՆՍՈՒՂ ՉԱՐԿՎԻԱՆԻ
Դուն այնտեղ ես` հայ ժողովրդի սիրտեն ներս ու մեր գրականության գանձարանին մեջ: Դուն` «Անլռելի զանգակատուն» ու «Սայաթ-Նովա», դուն` «Եռաձայն պատարագ», դուն` անկրկնելի, դուն` անլռելի, դուն` անմոռանալի ու անկորչելի` այժմ և միշտ հավիտյանս հավիտենից: ԳԱՌՆԻԿ ԱՂԴԱՐՅԱՆ
Նյութը պատրաստեց՝ Քեչեչյան Ալիսան